Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, որ լույսը տարածվում է
ակնթարթորեն` անսահման արագությամբ, սակայն 1676 թվականին դանիացի աստղագետ Օլե
Ռոյմերը ցույց տվեց, որ լույսը սահմանափակ արագություն ունի:
Նա դիտում էր Յուպիտեր մոլորակի ամենաներքին արբանյակի`
Իոյի խավարումը, այսինքն այն պահը երբ Իոն հայտնվում էր Յուպիտերի ստվերում:
Քանի որ Իոն Յուպիտերի շուրջ հաստատուն ուղեծրով էր
պտտվում, կարելի էր ենթադրել, որ նրա խավարումը նույնպես հաստատուն ժամանակահատված
անց տեղի կունենա, այսինքն` պարբերական կլինի:
![]() |
Ռոյմերի` լույսի արագության որոշման մեթոդը: |
Սակայն
Ռոյմերի դիտումները ցույց էին տալիս, որ Իոյի պտտման պարբերությունը փոխվում
է տարվա ընթացում: Երբ Երկիրը մոտենում էր Յուպիտերին, այդ պարբերությունները
միջին արժեքից փոքր էին, իսկ երբ հեռանում էր Յուպիտերից` ավելի մեծ:
Եթե Իոյի պտույտի
պարբերությունը հաստատուն լիներ, Ռոյմերը նախապես կկարողանար իմանալ, թե երբ է
հաջորդ խավարումը: Սակայն երեք ամիս անց, երբ Երկիրը հեռանում էր Յուպիտերից,
խավարումը հաշվարկվածից 600 վայրկյան ուշ եղավ:
Ռոյմերն այս ուշացումը
վերագրեց երկրի և Յուպիտերի հեռավորությունների փոփոխությանը` քանի որ լույսն
ավելի շատ ճանապարհ էր անցնում, երբ երկիրը հեռանում էր Յուպիտերից, ուստի լույսն ավելի
ուշ էր հասնում դիտորդին:
Օգտագործելով Ռոյմերի
փորձնական տվյալները, Հայգենսը հաշվարկեց, որ լույսի արագության նվազագույն արժեքը
230,000 կմ/վ է: Թեև լույսի արագության ճշգրիտ արժեքը 300,000 կմ/վ է, սակայն այս
փորձը շատ կարևոր էր, քանի որ ցույց է տվել, որ լույսը սահմանափակ արագությամբ է
շարժվում և տվել է դրա մոտավոր արժեքը:
No comments:
Post a Comment