2016/01/19

«Ֆիզիկան ու Մենք» խորագրով դասընթաց դպրոցականների համար

Փետրվարի 3-ից 5-ին ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում տեղի կունենա «Ֆիզիկան ու Մենք» գիտական դասընթացը, որը նախատեսված է 9-12-րդ դասարանի աշակերտների համար: Դպրոցի հիմնական նպատակն է ծանոթացնել ավագ դպրոցի աշակերտներին ֆիզիկայի հիմնարար սկզբունքների և վերջին նվաճումների հետ: Կներկայացվի նաև ֆիզիկայի դերը և կիրառությունները այլ մասնագիտություններում:

Գրանցման հայտը լրացնելու և հավելյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել հետևյալ հղումով: Գրանցման վերջնաժամկետը հունվարի 30-ն է, իսկ ընտրված մասնակիցները մասնակցության հաստատման մասին տեղեկացում կստանան փետրվարի 1-ին:

Դասընթացի ծրագրում տեղ են գտել ինչպես տեսական, այնպես էլ փորձարարական զեկուցումներ: Փորձարարական զեկուցումները կլինեն ինտերակտիվ և աշակերտները հնարավորություն կունենան մասնակցել ընթացող փորձերին, ինչպես նաև նրանց կառաջադրվեն փորձնական խնդիրներ: Տեսական զեկուցումները կլինեն ճանաչողական բնույթի, կուղեկցվեն տարբեր գիտական ֆիլմերի ցուցադրմամբ:


Գիտական դպրոցը կազմակերպվում է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության կողմից,  OSA (The Optical Society) և  SPIE (The International Society for Optics and Photonics) կազմակերպությունների ԵՊՀ և ԳԱԱ մասնաճյուղերի հետ համատեղ: