2015/05/02

Հավերժական շարժիչ

Ժամանակին արքաները և մեծահարուստները հսկայական գումարներ են խոստացել հավերժական շարժիչ հայտնագործողին, լաբորատորիաների և անհրաժեշտ սարքերի վրա մեծ գումարներ են ծախսվել: Այստեղ կպատմենք այդպիսի սարքերի մասին, ինպես նաև կբացատրենք թե ինչու է անհնար նրանց աշխատանքը:

Լեոնարդո Դա Վինչիի ձեռագրերից
Հավերժական շարժիչն այն մեխանիզմն է, որը կարող է անընդհատ աշխատել, չսպառելով սեփական էներգիան: Այդպիսի շարժչի գոյությանը հավատացող մարդկանց քանակը  հատկապես շատ էր միջնադարում և անգամ Լեոնարդո Դա Վինչին ուներ գծագրեր, որտեղ նկարագրում էր «հավերժ էներգիայի» աղբյուրները:


Դա Վինչիի գծագրերով պատրաստված սարք
Այդպիսի գծագրերով պատրաստված մի սարք պատկերված է նկարում: Այն կարող է երկար ժամանակ պտտվել, քանի որ նրա մեջ կան փոքրիկ, բայց ծանր գնդիկներ, և անիվը մի փոքր հրելու պահին կարծես օգնում են ավելի շատ էներգիա կուտակել իրենց մեջ: Սակայն այն վերջ ի վերջո կանգ է առնելու, քանի որ շրջապատում օդ կա, որը խոչընդոտում է շարժմանը, իսկ առանցքում` շփում, որի հետևանքով այս սարքը կդադարի պտտվել անգամ անօդ տարածությունում: Ճիշտ այնպես, ինչպես գլորվող գնդակը բավական երկար գլորվելուց հետո կանգ է առնում, այդպես էլ այս համակարգը: Սակայն այն փաստը, որ կանգ առնելուն պետք է երկար սպասել, բավական երկար ժամանակ մարդկանց մոլորության մեջ էր գցում:


Կար ժամանակ, երբ բնական մագնիսների աշխատանքը մարդկանց թվում էր զարմանալի: Պատկերացրեք՝ ձեր ձեռքում մի մագնիս է, որը բավական մեծ հեռավորության վրա գտնվող մարմնին ստիպում է «պարել», և կարծես այդպես կարող է անվերջ անել: Սակայն մագնիսները կորցնում են իրենց հատկությունները, հետևաբար ոչ մի հավերժական շարժման մասին էլ խոսք գնալ չի կարող:

16-17-րդ դարերում մարդիկ բացահայտեցին մոլորակների շարժումները: Բնական էր, որ հայտնվեցին մարդիկ, ովքեր սկսեցին մտածել, որ մոլորակների թվացյալ հավերժական պտույտները կարող են շարժչի նախատիպ դառնալ: Անգամ շատ հայտնի ֆիզիկոս Նիկոլա Տեսլան հետևյալ միտքն է արտահայտել՝ «Մի օր մարդը կմիացնի իրեն սարքավորումները տիեզերական շարժչին, և այն ուժերը, որոնք ստիպում են մոլորակներին իրենց ուղեծրերում մնալ և պտտվել, կպպտեն մարդկային սարքավորումները»: Իհարկե հրաշալի կլիներ, եթե սա փոքր-ինչ ճշմարիտ լիներ, սակայն, ինչպես հետագայում ցույց տրվեց, մոլորակների շարժումները նույնպես հավերժ չեն՝ նրանք անընդհատ էներգիա են կորցնում և մի օր գուցե հայտնվեն արևի «երախում»:

Իհարկե կային նաև այլ, ավելի բարդ սարքեր, որոնք թվացյալ հավերժական շարժիչ են եղել, սակայն մարդկային գիտելիքների հարստացման զուգընթաց պարզ դարձավ, որ չի կարող որևէ համակարգ տալ շահում էներգիայի մեջ. էներգիա չի կարող ստեղծվել ոչնչից:

Չնայած ոչ ոք այդպես էլ չհայտնաբերեց հավերժական շարժիչ (ինչպես ալքիմիկները չկարողացան ստանալ ոսկի), սակայն հավերժական շարժչի փնտրտուքների ընթացքում հայտնագործվեցին բազմաթիվ սարքեր, որոնք կիրառում ենք առ այսօր:

Մեկ այլ անգամ կներկայացնենք ուրիշ ֆիզիկական երևույթներ օգտագործող, ինչպես նաև ժամանակակից «հավերժական շարժիչները»:

No comments:

Post a Comment