2015/04/25

Լույսի արագության որոշումը

Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, որ լույսը տարածվում է ակնթարթորեն` անսահման արագությամբ, սակայն 1676 թվականին դանիացի աստղագետ Օլե Ռոյմերը ցույց տվեց, որ լույսը սահմանափակ արագություն ունի:
Նա դիտում էր Յուպիտեր մոլորակի ամենաներքին արբանյակի` Իոյի խավարումը, այսինքն այն պահը երբ Իոն հայտնվում էր Յուպիտերի ստվերում:

Քանի որ Իոն Յուպիտերի շուրջ հաստատուն ուղեծրով էր պտտվում, կարելի էր ենթադրել, որ նրա խավարումը նույնպես հաստատուն ժամանակահատված անց տեղի կունենա, այսինքն` պարբերական կլինի:
Ռոյմերի` լույսի արագության որոշման մեթոդը:

Սակայն Ռոյմերի դիտումները ցույց էին տալիս,  որ Իոյի պտտման պարբերությունը փոխվում է տարվա ընթացում: Երբ Երկիրը մոտենում էր Յուպիտերին, այդ պարբերությունները միջին արժեքից փոքր էին, իսկ երբ հեռանում էր Յուպիտերից` ավելի մեծ: 
Եթե Իոյի պտույտի պարբերությունը հաստատուն լիներ, Ռոյմերը նախապես կկարողանար իմանալ, թե երբ է հաջորդ խավարումը: Սակայն երեք ամիս անց, երբ Երկիրը հեռանում էր Յուպիտերից, խավարումը հաշվարկվածից 600 վայրկյան ուշ եղավ: 

Ռոյմերն այս ուշացումը վերագրեց երկրի և Յուպիտերի հեռավորությունների փոփոխությանը` քանի որ լույսն ավելի շատ ճանապարհ էր անցնում, երբ երկիրը հեռանում էր Յուպիտերից, ուստի լույսն ավելի ուշ էր հասնում դիտորդին:
Օգտագործելով Ռոյմերի փորձնական տվյալները, Հայգենսը հաշվարկեց, որ լույսի արագության նվազագույն արժեքը 230,000 կմ/վ է: Թեև լույսի արագության ճշգրիտ արժեքը 300,000 կմ/վ է, սակայն այս փորձը շատ կարևոր էր, քանի որ ցույց է տվել, որ լույսը սահմանափակ արագությամբ է շարժվում և տվել է դրա մոտավոր արժեքը:

No comments:

Post a Comment