2015/04/26

Աստղերի ծնունդը և մահը

Եթե սա լիներ ֆանտաստիկ պատմվածք, ապա հաստատ կսկսեր այսպես՝ այսօր Անդրոմեդայի գալակտիկայում բազում աստղեր էին հավաքվել. լույս աշխարհ էր գալիս փոքրիկ Աստղիկը: Սակայն քանի որ սա փոքր ինչ գիտական բլոգ է, այստեղ կպատմենք աստղառաջացման պրոցեսի, ինչպես նաև նրանց զարգացման և մահվան մասին:

Արծվի Միգամածություն

Տիեզերքը այնքան էլ դատարկ չէ, ինչքան թվում է: Մոլորակների, աստղերի, գալակտիկաների արանքում կա գազ և փոշի, որոնք երբեմն կուտակվում են մի վայրում(վերևի նկարում ճիշտ այդպիսի կուտակում է):Այսպիսի կուտակումները կոչվում են աստղային մանկապարտեզներ: Դրանք ձգում են միմյանց, մոտենում են իրար: Խտությունը գնալով մեծանում է, ջերմաստիճանը բարձրանում և սկսում են միջուկային ռեակցիաները՝ նոր նյութեր են առաջանում արդեն եղած նյութերից: Այդպես առաջանում է նախաաստղը, որը դեռ բավական ջերմ չէ աստղ կոչվելու համար:

Նախաաստղը շարունակում է սեղմվել՝ այն ծանրանում է դեպի իրեն գրավելով շրջապատի գազն և փոշին: Գալիս է մի պահ, երբ աստղը կայունանում է և սկսում է փայլել իր ողջ պայծառությամբ, քանի որ ռեակցիաների ժամանակ անջատվում է մեծ քանակով ջերմություն, ինչն էլ տարածվում է տիեզերքով ու հասնում մեզ:

Աստղը սնվում է հենց իրենով՝ այն նյութերը, որոնցից կազմված է աստղը վառելիք են հանդիսանում ռեակցիաների համար և աստղը գնալով  «ծերանում» է: Ինչպես ամեն լավ բան, աստղերի կյանքն էլ ավարտ ունի, որը սակայն, հնարավոր է երկու տարբերակով:


1. աստղի վառելիքը ավարտվում է երկար ժամանակի ընթացքում և այն վերածվում է փոքրիկ հրե գնդի, որը սակայն, այլևս նախկին պայծառությունը չունի(ինչպես ածխի կտորը): Սա տեղի է ունենում հիմնականում փոքր և միջին մեծության աստղերի մոտ:




2. աստղը ժամանակի ընթացքում շատ սեղմվում է, նրա միջուկը շատ ծանրանում է, ինչն էլ բերում է պայթունի՝ աստղի արտաքին շերտը հեռանում է առաջացնելով գեղեցիկ թաղանթ: Միջուկը վեր է ածվում փոքրիկ, բայց շատ զանգվածեղ աստղի, որը շատ պայծառ է լինում: Կախված միջուկի զանգվածից առաջացած աստղը ունենում է շատ տարբեր հետաքրքիր հատկություններ: Օրինակ շատ մեծ զանգված ունենալու դեպքում այն հնարավոր է վերափոխվի սև խոռոչի: Սև խոռոչը կլանում է ամեն ամեն ինչ, անգամ լույսը, ինչի հետևանքով տեսանելի չէ(այդտեղից էլ նրա անվանումը):


Մինչ 20-րդ դարը գիտնականները համարում էին, որ աստղերը ոչ ծնվում , ոչ մահանում են. այդպես են ստեղծվել և այդպես էլ շարունակելու են ապրել: Միայն 20-րդ դարում առաջ քաշվեց, այնուհետ դիտվեց աստղերի էվոլուցիայի տեսությունը: Ի ուրախություն մեզ, դա նաև մեր հայրենակից Վիկտոր Համբարձումյանի շնորհիվ էր:

Ձեզ ենք ներկայացնում նաև հետևյալ վիդեոն, որտեղ մանրամասն նկարագրվում է աստղերի ծնունդը և առաջարկվում տարբերակ «սեփական» աստղ սարքելու համար:

1 comment:

  1. Տիեզերքում ամենամեծ էներգիան սև խոռոչներում է;Այն ճշգրիտ պարզաբանելու համար պետք է ծանոթանալ ատոմի մեխանիզմի.և ատոմի մեխանիզմը դեռ լիովին պարզաբանված չէ;Ատոմի մեխանիզմը պարզաբանելու համար պետք է մի նոր տեսություն,որն ես ունեմ:
    Վանուշ Չաբյան.29/02/2016.

    ReplyDelete