2015/04/26

Աստղերի ծնունդը և մահը

Եթե սա լիներ ֆանտաստիկ պատմվածք, ապա հաստատ կսկսեր այսպես՝ այսօր Անդրոմեդայի գալակտիկայում բազում աստղեր էին հավաքվել. լույս աշխարհ էր գալիս փոքրիկ Աստղիկը: Սակայն քանի որ սա փոքր ինչ գիտական բլոգ է, այստեղ կպատմենք աստղառաջացման պրոցեսի, ինչպես նաև նրանց զարգացման և մահվան մասին:

Արծվի Միգամածություն

Մեր սիրելի աստղերի ապրելակերպն ու խենթությունները

Մարդիկ շատ են  սիրում հետևել իրենց սիրելի աստղերի ապրելակերպին, առօրյային և նրանց խենթություններին: 

Ես նույնպես հետևում եմ իմ սիրելի աստղերին, այդ պատճառով էլ տարիներ առաջ ուզում էի աստղագետ դառնալ: Մի լավ պապարացի կա, անունն էլ` Հաբբլի աստղադիտակ, որ շատ ու շատ աստղերի մասին է մեզ պատմում: Հիմա Հաբբլից բացի ուրիշ պապարացիներ էլ կան, որոնք նեղություն չեն քաշում տիեզերք թռնելու ու իրենց սիրած աստղի հետևից ընկնելու համար, այլ Երկրի վրա պառկած, ռադիոալիք կամ այլ ճառագայթ են բռնում: 

Մի քիչ էլ պատմեմ իմ սիրելի աստղերի ու նրանց ապրելակերպի մասին:

2015/04/25

Լույսի դիսպերսիա և սպեկտր

Եթե սպիտակ լույսն անց կացնենք ապակե կամ պլաստիկե պրիզմայի միջով, կտեսնենք, որ լույսը բաժանվում տարբեր գույների` ճիշտ ծիածանի պես:
Այս երևույթը հենց դիսպերսիան է, իսկ լույսի առանձնացված գույներին անվանում են լույսի սպեկտր:



Ձեզանից շատերը միգուցե այս պատկերը ոչ թե ֆիզիկայի դասագրքից են հիշում, այլ
հայտնի Pink Floyd խմբի "The Dark side of the Moon" ալբոմի շապիկից:




Փորձենք հասկանալ այս գեղեցիկ երևույթի ֆիզիկական էությունը:
Երբ սպիտակ լույսը մի միջավայրից մյուսն է անցնում, այսինքն` պրիզմայի վրա ընկնելով օդից անցնում է ապակու կամ պլաստիկի մեջ, այն փոխում է իր շարժման արագությունը: Երբ փոխվում է լույսի արագությունը, այն բեկվում է, այսինքն` շեղվում է այն սկզբնական անկյունից, որով ընկել էր պրիզմայի վրա:

Ձայնային ճախրում

Ձայները շրջապատում են մեզ. ծնված օրից մենք ամեն օր լսում ենք լաց, ծիծաղ, աղմուկ, երաժշտություն, սակայն երևի թե երբեք չենք մտածել, որ կարելի է շոշափել այն:
Օրինակներից ամենապարզը, որ վկայում է ձայնի ֆիզիկական ներկայության մասին, բարձր երաժշտության ժամանակ փոքրիկ առարկաների շարժվելն է: Սակայն պարզվում է, որ ձայնը կարելի է օգտագործել նաև համեմատաբար մեծ առարկաներ շարժելու, օդում պահելու համար:


Կանաչ արև

Ե՞րբևէ պատկերացրել եք, որ արևը կարող է կանաչ լինել: 


Դժվար է պատկերացնել, բայց այո՝ արևը կարող է երևալ կանաչ: Այս օպտիկական յուրահատուկ երևույթը ի հայտ է գալիս մայրամուտից անմիջապես հետո կամ արևածագից վարկյաններ առաջ: Սակայն ամեն օր հնարավոր չէ տեսնել կանաչ արև՝ միայն անհրաժեշտ մթնոլորտային պայմանների դեպքում է արևի վերին եզրը մեկ-երկու վարկյան կանաչ գույն ձեռք բերում:

Լույսի արագության որոշումը

Դարեր շարունակ մարդիկ կարծում էին, որ լույսը տարածվում է ակնթարթորեն` անսահման արագությամբ, սակայն 1676 թվականին դանիացի աստղագետ Օլե Ռոյմերը ցույց տվեց, որ լույսը սահմանափակ արագություն ունի:
Նա դիտում էր Յուպիտեր մոլորակի ամենաներքին արբանյակի` Իոյի խավարումը, այսինքն այն պահը երբ Իոն հայտնվում էր Յուպիտերի ստվերում:

Քանի որ Իոն Յուպիտերի շուրջ հաստատուն ուղեծրով էր պտտվում, կարելի էր ենթադրել, որ նրա խավարումը նույնպես հաստատուն ժամանակահատված անց տեղի կունենա, այսինքն` պարբերական կլինի:
Ռոյմերի` լույսի արագության որոշման մեթոդը:

Սակայն Ռոյմերի դիտումները ցույց էին տալիս,  որ Իոյի պտտման պարբերությունը փոխվում է տարվա ընթացում: Երբ Երկիրը մոտենում էր Յուպիտերին, այդ պարբերությունները միջին արժեքից փոքր էին, իսկ երբ հեռանում էր Յուպիտերից` ավելի մեծ: 

Մազական երևույթ

Մազական երևույթները, կամ ինչպես ընդունված է՝ մազականությունը, բնության մեջ շատ տարածված երևույթ է: Երբ նեղ անոթի մեջ հեղուկը շարժվում է այլ ուժերին հակառակ (դիմադրություն, երկրի ձգողականություն և այլն), անոթը կոչվում է մազական, երևույթը՝ մազականություն:

Այն կարելի է հանդիպել ամենուր՝ փոքր մի մասով ջրին հպելիս վրձինը գրեթե ամբողջությամբ թրջվում է, ծառերը այս կերպ ջուր և սննդարար նյութեր են բարձրացնում ընդհուպ միչև կատար, որոշ փոքրիկ կենդանիներ հատուկ հարմարեցված բերանային ապարատ ունեն, որով ներքաշում են սնունդը:


Թվում է թե այս երևույթը հակասում է հայտնի օրենքներին, սակայն ոչ: Անոթով հեղուկը բարձրանում է վեր, քանի որ այն փոխազդում է անոթի պատերի հետ՝ հեղուկը փորձում է հնարավորինս ազատ լինել, իսկ անոթը արգելում է: Մակերևույթին առաջանում է լարվածության ուժ, որի միջոցով էլ հեղուկը շարժվում է՝ գալով ավելի «ձեռնտու» վիճակի: Կան նյութերը, որոնց համար այդ վիճակը բարձր է հիմնական վիճակից, (ինչպես օրինակ ջուրը), և կան, որ ցածր է (օրինակ սնդիկը):

2015/04/24

Կրկնակի ծիածան

Կրկնակի ծիածանը շատ հազվադեպ պատահող երևույթներից է: Քչերին է բախտ վիճակվել հանդիպել այս առաջին հայացքից հեքիաթային տեսարանին:

Քարն ու փետուրը միաժամանա՞կ են ընկնում

Մինչև Գալիլեո Գալիլեյի հայտնագործությունը, որ բոլոր մարմիններն ընկնում են նույն արագացմամբ, մարդիկ առաջնորդվում էին Արիստոտելի պատկերացմամբ, ըստ որի` ծանր մարմիններն ավելի արագ են ընկնում քան թեթև մարմինները: Արիստոտելն հենց այդ կերպ էր մեկնաբանում այն փաստը, որ փետուրն ավելի դանդաղ է ընկնում, քան օրինակ քարը: 

Իսկ Գալիլեյն իր երևի ամենահայտնի փորձի միջոցով ապացուցեց, որ Արիստոտելը սխալ էր: Նա Պիզայի աշտարակից տարբեր զանգվածներ ունեցող երկու գնդակներ նետեց, որոնք միաժամանակ հասան գետնին:

2015/04/23

Հետադարձ կայծակ

Դժվար է պատկերացնել, որ բնության մեջ հաճախ հանդիպող երևույթները կարող են մնալ աննկատ: Այդպիսին է ետադարձ կայծակը, որը շատ հետաքրքիր և յուրահատուկ երևույթ է:



2015/04/14

Ֆիզիկան բոլորի համար է

Շատերը խուսափում են ճշգրիտ և բնական գիտություններից` դրանք չափազանց դժվար և անհասանելի համարելով, սակայն այս նորաբաց բլոգի միջոցով մենք կփորձենք կոտրել կարծրատիպերը և ապացուցել, որ ֆիզիկան կարող է հետաքրքիր, հասանելի և ինչու չէ` նաև զվարճալի լինել բոլորի համար:

«Կարևոր փաստեր և փորձեր» բաժնում կպատմենք ֆիզիկայում հեղաշրջում կատարած գիտափորձերի մասին, կներկայացնենք հետաքրքիր փաստեր:
«Բնության երևույթներ» բաժնում կմեկնաբանենք բնական երևույթները, իսկ «Աստղերի կյանքը» բաժնում կպատմենք տիեզերքի, աստղերի և այլ երկնային մարմինների մասին:


Մենք սպասում ենք ձեր մեկնաբանություններին, հարցերին և առաջարկություններին, որոնք կարող եք ուղարկել armenian.physics@gmail.com էլեկտրոնային հասցեին: