2015/05/01

Բևեռափայլ կամ ավրորա

Շատերն են երազել կյանքում գոնե մեկ անգամ լինել հեռավոր հյուսիսում կամ հարավում, որպեսզի տեսնեն, թե ինչպես է երկինքը գունավորվում կանաչ, կարմիր կամ մանուշակագույն լույսերով:

Հյուսիսափայլ Կանադայում

Այդ գունավոր լույսերը` բևեռափայլերը, որոնք բազմաթիվ լեզուներով անվանում են ավրորա` արևածագի հռոմեական աստծվածուհու անունով, հանդիպում են միայն երկրագնդի հյուսիսային և հարավային բևեռներում: Ի դեպ, հյուսիսային բևեռում (Իսլանդիա, Նորվեգիա, Կանադա և այլն) բևեռափայլին անվանում են հյուսիսափայլ, իսկ հարավային բևեռում հանդիպողին երևի հարավափայլ կանվանեն:

Համաձայն հին նորվեգացիների առասպելների, հյուսիսափայլը աստվածների ստեղծած կամուրջն էր Երկրի վրա, ֆինները կարծում էին, որ երկնքում մի կախարդական աղվես կա, որն իր պոչով է այս գույները սփռում, իսկ բնիկ ամերիկացիներին թվում էր, որ հանգուցյալների հոգիներն են շուրջպար բռնել երկնքում:

Հաճույքով կպատմեի նաև առասպելների մասին, սակայն չմոռանալով որ գիտական բլոգում ենք, մի կողմ թողնենք աստվածներին, կախարդական աղվեսներին և հանգուցյալներին, և խոսենք այն մասին, թե ինչպե՞ս են բևեռափայլերն առաջանում:

Հարավափայլ Նոր Զելանդիայում

Արեգակի վրա պարբերաբար քամիներ են առաջանում, որոնք արեգակի կողմից առաքված լիցքավորված մասնիկների հոսքեր են: Այդ քամիները նաև հասնում են Երկրին, սակայն վերջինս մագնիսական դաշտ ունի (պատկերացնենք, որ Երկիրը մի մեծ մագնիս է), որը թույլ չի տալիս, որ արևային քամու բերած մասնիկները դեպի երկրի ողջ մակերևույթ գան: Մագնիսական դաշտի հետ փոխազդեցության արդյունքում, մասնիկները միայն Երկրի բևեռներին են հասնում, այդ պատճառով էլ միայն այդտեղ են գունավոր լույսեր առաջանում:

Իսկ հիմա հասկանանք, թե Երկրի բևեռներին հասնելուց հետո, արևային քամիների բերած մասնիկներն ինչպե՞ս են գունավոր առկայծումներ առաջացնում:

Արևային քամիները Երկրի մթնոլորտ հասնելուն պես, բախվում են մթնոլորտի կազմում գտնվող թթվածնի կամ ազոտի ատոմներին:
Ինչպես գիտեք կամ չգիտեք, ատոմները կազմված են դրական լիցք ունեցող միջուկից և նրա շուրջ պտտվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Երբ արևային քամիների բերած մասնիկները բախվում են էլեկտրոններին, դրանք իրենց հիմնական վիճակից անցնում են գրգռված վիճակի (գծագրում` միջուկին ավելի մոտ շրջանագծից անցնում են ավելի հեռու շրջանագիծ և սկսում դրանով պտտվել):



Բայց էլեկտրոնը երկար չի կարող գրգռված վիճակում մնալ, քանի որ նա իր հիմնական վիճակին է ձգտում, ուստի նա նորից միջուկին ավելի մոտ շրջանագիծ` իր հիմնական վիճակին է հասնում` ճանապարհին ֆոտոն բաց թողնելով, այսինքն` լույս տալով:
Ստացվում է, որ արեգակնային քամու մասնիկների ազդեցությամբ թթվածնի և ազոտի ատոմները լուսարձակում են:

Ամենատարածված` կանաչ բևեռափայլերը պայմանավորված են թթվածնի ատոմների լուսարձակմամբ: Մթնոլորտի ավելի մեծ բարձրություններում թթվածինը կարմիր լույս է արձակում, իսկ կապույտ և մանուշակագույն լույսերը ազոտի լուսարձակման շնորհիվ են առաջանում:

Հուսով եմ`  երբ մի օր բևեռափայլ տեսնեք, ոչ միայն պարող ոգիներ կամ կախարդական աղվեսներ կպատկերացնեք, այլ կհիշեք նաև լեգենդներից ոչ պակաս գեղեցիկ և զարմանալի ֆիզիկան:

No comments:

Post a Comment