2015/06/27

Ինչպե՞ս կարտոֆիլից մարտկոց պատրաստել

Շատերը գիտեն, թե ինչպես կարելի է կարտոֆիլից կարկանդակ, տապակա կամ ապուր պատրաստել: Իսկ մենք կներկայացնենք կարտոֆիլից մարտկոց պատրաստելու «բաղադրատոմսը»:


Ի՞նչ է անհրաժեշտ

  • երկու կարտոֆիլ
  • երկու ցինկապատ մետաղե ձող
  • երկու փոքրիկ կտոր հաստ պղնձալար
  • երեք հաղորդալար, որոնց կարելի է ատամնավոր ամրակներ ամրացնել
  • ժամացույց, հեծանիվի արագաչափ կամ այլ սարք, որն աշխատում է փոքր` 1-2  Վոլտ լարումով  մարտկոցով

Ինչպե՞ս պատրաստել
1. Երկու կարտոֆիլների մի ծայրին մտցնում ենք ցինկապատ ձողը, իսկ մյուս ծայրին` դրանցից հնարավորինս հեռու մտցնում ենք պղնձի կտորները:

                     

2. Ժամացույցից հանում ենք նրա մարտկոցը: Մարտկոցի տեղում` դրական և բացասական բևեռներին մեկակական հաղորդալար ենք միացնում:
(Այստեղ կենտրոնում բացասական բևեռն է, որին կանաչ հաղորդալար է միացված, իսկ կարմիր հաղորդալարը միացված է դրական բևեռին:)


3. Առաջին կարտոֆիլի միջի պղնձյա ձողը հաղորդալարով միացնում ենք մյուս կարտոֆիլի ցինկապատ ձողին:

4. Մարտկոցի բացասական բևեռը (կանաչ լարը) միացնում ենք առաջին կարտոֆիլի ցինկապատ ձողին, իսկ դրական բևեռը (կարմիր լարը)` երկրորդ կարտոֆիլի պղնձին:

Ու վերջ, մեր ժամացույցը կամ արագաչափն արդեն աշխատում է:

Երկու կարտոֆիլով մեր արագաչափը կարող է բավականին երկար աշխատել, սակայն խորհուրդ չեմ տալիս, որ հեծանիվին կարտոֆիլով աշխատող արագաչափ ամրացնեք:

Ինչպե՞ս է աշխատում



Կարտոֆիլային մարտկոցը էլեկտրաքիմիական մարտկոց է, այսինքն` նրանում քիմիական էներգիան փոխվում է էլեկտրական էներգիայի, ինչի շնորհիվ էլ աշխատում է մեր սարքը: Էներգիայի ստացումը կախված է երկու մետաղներից` ցինկից, որը ծառայում է որպես բացասական էլեկտրոդ` անոդ և պղնձից, որը մեր դրական էլեկտրոդն է` կաթոդը: Էներգիա ստանալու համար երկու մետաղների մեջ էլեկտրահաղորդիչ նյութ` էլեկտրոլիտ է լցվում. սովորաբար օգտագործվում է ծծմբական թթու, սակայն կարտոֆիլում պարունակվող ֆոսֆորական թթուն էլ վատ տարբերակ չէ:

Եթե ցինկն պղինձն իրար հպենք, էլեկտրոնները արագորեն ցինկից դեպի պղինձ կշարժվեն, սակայն այս դեպքում հոսանք չի առաջանա, քանի որ էլեկտրոնների և պղնձի ձգողության ու էլեկտրոնների վանողության ուժերը կհավասարակշռվեն, ինչի արդյունքում նոր էլեկտրոններ չեն կարողանա գալ: Այդպիսիով` էլեկտրոնների հոսքը կդադարի և մենք հոսանք չենք ստանա: Սակայն երբ ցինկի և պղնձի միջև էլեկտրոլիտ տեղադրենք և դրանք հաղորդալարով միացնենք, էլեկտրոնների հոսքը կշարունակվի, քանի որ պղինձը, հավաքելով էլեկտրոնները, դրանք հաղորդալարով կփոխանցի ցինկին, և այս շրջապտույտի շնորհիվ կունենանք կարտոֆիլային մարտկոց:

Սակայն մեր կարտոֆիլային մարտկոցն էլ, ցանկացած մարտկոցի պես կլիցքափվի, քանի որ վերջիվերջո ցինկից կդադարեն էլեկտրոններ պոկվել, կարտոֆիլը կփչանա և այլն:

Էլեկտրական շղթան

Յուրաքանչյուր կարտոֆիլից ստացվում է 0.8-0.9 վոլտ լարում: Երբ շղթան միացնում ենք հաջորդաբար, ինչպես արեցինք տվյալ դեպքում, լարումները գումարվում են ու երկու կարտոֆիլի դեպքում ունենում ենք 1.6-1.8 վոլտ լարում:
Մեկ կարտոֆիլից ստացվող հոսանքի ուժը 0.3 մԱ (միլիամպեր) է, սակայն հաջորդաբար միացնելու դեպքում հոսանքի ուժը մնում է հաստատուն: Որպեսզի կարողանանք մեծացնել հոսանքի ուժը, պետք շղթան զուգահեռ միացնենք: Այսինքն` կարտոֆիլների պղինձները միացնել իրար, այնուհետև դրական բևեռին, ցինկերն իրար, ապա` բացասական բևեռին:
Մեծ լարումների ու հոսանքի ուժի համար պետք է խառը միացումներ կատարել:

Այսպիսով, կարտոֆիլային մարտկոցն արդեն պատրաստ է, և դուք գիտեք նրա աշխատանքի գաղտնիքը, ուստի կարող եք վայելել այն: :)

2 comments:

  1. Չեմ հավատում, որ նման բան հնարավոր է:

    ReplyDelete
    Replies
    1. Իհարկե, հնարավոր է: Եթե չեք հավատում, կարող եք ինքներդ փորձել և համոզվել: :)

      Delete