2015/04/25

Ձայնային ճախրում

Ձայները շրջապատում են մեզ. ծնված օրից մենք ամեն օր լսում ենք լաց, ծիծաղ, աղմուկ, երաժշտություն, սակայն երևի թե երբեք չենք մտածել, որ կարելի է շոշափել այն:
Օրինակներից ամենապարզը, որ վկայում է ձայնի ֆիզիկական ներկայության մասին, բարձր երաժշտության ժամանակ փոքրիկ առարկաների շարժվելն է: Սակայն պարզվում է, որ ձայնը կարելի է օգտագործել նաև համեմատաբար մեծ առարկաներ շարժելու, օդում պահելու համար:



Երբ ձայնի աղբյուրի դիմաց ոչ մի արգելք չկա տեղադրված, ձայնային ալիքը ուղակի տարածվում և կորչում է տարածության մեջ: Եթե ձայնը լինի ուժգին, ապա կարող է շարժել ճանապարհին հանդիպած փոքրիկ առարկաները (հենց այդպես մենք լսում ենք ձայն՝ այն տատանում է մեր ականջի թմբկաթաղանթը):

Ձայնային ալիքը շարժվում է անարգել

Եթե ձայնի ճանապարհին տեղադրենք անդրադարձնող պատ կամ ևս մեկ ձայնի աղբյուր, ապա դրանց միջև տարածությունը կբաժանվի փոքրիկ կանգուն տիրույթների: Այս տիրույթները նկարում պատկերված տեսքն ունեն՝ երկու ալիք, որոնցից մեկի փոփոխությունը հակառակ է մյուսի փոփոխությանը: Եթե այդպիսի տիրույթում մի փոքրիկ մարմին դնենք, այն կմնա այդտեղ՝ ձայնը կստիպի նրան «լողալ» օդում, երկու կողմից ազդելով:
Ձայնի ճանապարհին անդրադարձնող արգելք է դրված

Մարդը ունակ է լսել 20 Հց-ից մինչև 20000 Հց հաճախության տիրույթի ձայնը: Եթե ընտրենք ձայնի աղբյուրը այնպիսին, որ արձակի այդ տիրույթից դուրս հաճախության ձայն, ապա կարելի է աճպարարություն անել՝ ոչ ոք ձայն չի լսի, սակայն առարկաները կճախրեն օդում:

Ամենավերջում, ձեզ ենք ներկայացնում մի քանի մարմինների ճախրումը ցուցադրող այս հոլովակը, որում տարբեր ձևերով ցուցադրվում են առաջացող այն տիրույթները, որտեղ «բռնվում» են մասնիկները: 



No comments:

Post a Comment