2015/04/25

Կանաչ արև

Ե՞րբևէ պատկերացրել եք, որ արևը կարող է կանաչ լինել: 


Դժվար է պատկերացնել, բայց այո՝ արևը կարող է երևալ կանաչ: Այս օպտիկական յուրահատուկ երևույթը ի հայտ է գալիս մայրամուտից անմիջապես հետո կամ արևածագից վարկյաններ առաջ: Սակայն ամեն օր հնարավոր չէ տեսնել կանաչ արև՝ միայն անհրաժեշտ մթնոլորտային պայմանների դեպքում է արևի վերին եզրը մեկ-երկու վարկյան կանաչ գույն ձեռք բերում:

Լուսային ճառագայթների բեկման չափը կախված է իրենց գույնից՝ ամենաշատը կապույտն է բեկվում, ամենաքիչը կարմիրը: Հենց այդ պատճառով է, օրինակ, երկինքը կապույտ: Երբ արևն արդեն իրականում իջել է հորիզոնից, այդ դեռ շարունակում է տեսանելի լինել հենց այդ բեկման պատճառով: Հերթով անհետանում են գույները, և թվում է թե պիտի վերջում մնար կապույտը՝ ամենաշատ բեկվող գույնը, սակայն այն բեկման պատճառով նաև շատ է ցրվում և կանաչ գույնն է, որ մի քանի վարկյան «միայնակ» է մնում: 

Այս երևույթը կարելի է տեսնել երկրագնդի ցանկացած վայրում, միայն թե հորիզոնը պիտի լինի հարթ և մթնոլորտը քիչ աղտոտված (ծովի մակերևույթը, սարի գագաթներից երևացող հորիզոնը): 

Քանի երևույթը իսկապես զարմանահրաշ է, բազմաթիվ գրողներ անդրադարձել են նրան: Ժյուլն Վեռնն ունի պատմվածք «Կանաչ Ճառագայթը» անվամբ, կա նաև ֆիլմ նկարված 1986թ.-ին:





1 comment:

  1. Հետաքրքրաշարժ նյութեր ունեք.... կցանկանաք թղթակցել որևէ ամսագրի????

    ReplyDelete